Օրերս կառավարությունը «Զվարթնոց» օդանավակայանի կառավարչին թույլ տվեց խոշոր վարկ վերցնել։ Ավիացիայի վարչության նախագահ Արտեմ Մովսիսյանը հավաստեց, որ վարկը պետության վրա բեռ չի լինելու, իսկ դրա չմարման դեպքում օդանավակայանի կառավարումը կստանձնի վարկատուն։ Թող որ վարկի պատասխանատուն պետությունը չէ, սակայն արդյո՞ք դրա բեռը սպառողի ուսերին չի լինի։ Վարկի տոկոսները մարելու նպատակով օդանավակայանի ծառայությունների գինը չի՞ բարձրանա՝ հարցրինք ԱՐՏԵՄ ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ։
-Վարկային այս միջոցները կառավարչին ազատում են նոր ներդրումներից, ինչը նշանակում է, որ նա նոր ներդրում չի կատարելու։ Հիշեցնեմ` ներդրումների դեպքում ենթադրվում է 20 %-ի վերադարձելիություն, իսկ վարկային այս պարտավորությունը ենթադրում է 5,5 %-ի վերադարձելիություն։ Սա նշանակում է, որ սպառողները կշահեն։ Այսինքն, եթե վաղը ավիացիայի և վառելիքի միջազգային շուկաներում որոշակի թանկացումներ կամ զարգացումներ լինեն, մեզ վրա այս վարկը շատ ավելի էժան կնստի։ Եվ եթե սակագին նվազեցնելու հնարավորություն չլինի էլ, թեև կառավարիչն այս պահին պատրաստ է նման հարց քննարկելու, ապա բարձրացնելու խնդիր էլ չի առաջանա։
-Եթե կառավարիչը պատրաստ է սակագին նվազեցնելու, ինչո՞ւ չեք քննարկում հարցը։
-Ինչո՞ւ քննարկենք։
-Որպեսզի ավիատոմսերի գները մատչելի լինեն։ Գաղտնիք չէ, որ դրանք այսօր շատ թանկ են։
-Ո՞վ ասաց, որ թանկ են։ ՈՒզում եմ այդ շաբլոն խոսակցություններին վերջ դնել։ Որպեսզի սիրողական մակարդակի զրույցներից հեռու լինենք, իմ հանձնարարությամբ հաշվարկների ուսումնասիրություն է կատարվել օդանավակայանում։ Այդ աշխատանքներն ավարտվել են, սակայն չեմ հասկանում` ինչո՞ւ այդ ուսումնասիրության վրա հղում չեք կատարում, այլ հիմք եք ընդունում ինչ-որ անձանց ասածը։
-Պարոն Մովսիսյան, ի՞նչ անձերի կամ սիրողական խոսակցությունների մասին է խոսքը։ Ես խոսում են փաստի մասին, ինչն անժխտելի է։ Նույն միջազգային ավիացիոն շուկայի պայմաններում Վրաստանում ավիատոմսերի գինը մի քանի անգամ ցածր է հայաստանյան սակագնից, և մեր քաղաքացիները նախընտրում են թռիչքներ կատարել Վրաստանի օդանավակայանից։ Խոսքը սրա մասին է։
-Եկեք այսպես պայմանավորվենք` Վրաստանում ավիացիայի էժան լինելը չհամեմատենք Հայաստանի հետ։ Տոմսերի գնի տարբերությունը կարող է պայմանավորված լինել ավիավառելիքի գնով։ Պետք է ասեմ, որ Հայաստանում երբեք ավիավառելիքը էժան չի լինելու Վրաստանից։ Հակառակը, մեզ մոտ այն միշտ թանկ է լինելու, որովհետև ավիավառելիքը գալիս է Սև ծովով, ինչը թանկ է և արտացոլվում է ինքնարժեքի մեջ։ Ծովից մինչև Հայաստան այն ցամաքային ճանապարհով է տեղափոխվում, որի 1 տոննայի համար ծախսվում է 120 դոլար։
-Իսկ Սև ծովից դեպի Մոսկվա կամ ՌԴ-ի մեկ այլ ծով չունեցող քաղաք վառելիքը ցամաքային ճանապարհ չի՞ անցնում։
-Հնարավոր է` Մոսկվայում կա վերամշակող գործարան։ Եկեք ուրիշ բաներ չխոսենք։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ
Հ. Գ. Առանց «ուրիշ բաներ» խոսելու, նկատենք, որ լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պարոն Մովսիսյանը, հավանաբար ինքն էլ չնկատելով, անկեղծացավ. «Յուրաքանչյուր օդանավակայան ինքն է սահմանում գինը, և վառելիքը տարբեր օդանավակայաններում կարող է տարբեր գին ունենալ»։ Տեղին է ասել` no comment: